«Իր դերակատարությունն ավելի շեշտադրելու համար Հայ ազգային կոնգրեսը միշտ էլ իր ներսում արտահերթ ընտրություններ անցկացնելու պրոբլեմներ գտնում է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով երկրում արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու հավանականության մասին։
Նրա կարծիքով, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություներ անցկացնելու վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությունները բացի սեփական դերը բարձրացնելուց, այլ հիմքեր չունեն։
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն իր հերթին նկատեց, որ «սա այն դեպքն է , երբ սցենարը հարմարեցվում է ցանկություններին»: Նրա կարծիքով, որպեսզի արտահերթ ընտրությունների անցկացման հիմք լինի, հասարակության մեջ համապատասխան հասունացում պետք է լինի. «Պետք է տեղի ունենա քաղաքական ուժերի այնպիսի վերադասավորում, որը հրատապ կդարձնի նման փոփոխությունները. այսօր նման վերադասավորում չկա»,- ընդգծեց նա։
Նկատենք, որ թեեւ ՀԱԿ-ի թեկնածուն նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հավաքել է 22 տոկոս, իսկ Երեւանի ավագանում ընտրություններում 17 տոկոս, սակայն այն չի ներկայացված խորհրդարանում:




























