«Տեր կանգնեք կրթվելու մեր իրավունքին», «Վերականգնում» վանկարկելով րոպեներ առաջ Երեւանի պետական համալսարանի առջեւից մի խումբ ուսանողներ իրենց երթը սկսեցին դեպի Կառավարոթյան շենք։ Նրանք պահանջում են վերականգել վերջերս կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում կիսով չափ կրճատված բանակի տարկետման տեղերը։

Երթուղին անցնում է Ալեք Մանուկյան, Սայաթ Նովա, այնուհետեւ Ալավերդյան փողոցներով, Կառավարության 3 շենքում տեղակայված կրթության եւ գիտության նախարարության մոտով եւ հասնում Կառավարության գլխավոր շենք։

Երթին հիմնականում մասնակցում են ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կիրառական մաթեմատիկայի, տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները։ Երթը շատ սակավաթիվ էր, ինչը կազմակերպիչ Դանիել Իոանեսյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ ԵՊՀ ղեկավարությունը չի թողնում ուսանողներին մասնակցել ակցիային։

«Ռեկտորի անմիջական մասնակցությամբ ապահովվել է սակավաթվությունը, ուսանողներին չեն թողնում դուրս գալ»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական խորհրդի համակարգող անդամ Դավիթ Սանասարյանը, իսկ Դանիել Իոանեսյանն էլ հավելեց, որ ուսանողներին սպառնացել են, որ եթե իրենք շատ ակտիվ լինեն, պետական քննությունների հանձնաժողովում «դրսից մարդիկ կլինեն»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը սակայն պնդում է, որ համալսարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում ակցիային, պարզապես ԵՊՀ-ի ադմինստրացիան դեմ է պայքարի նման միջոցներին եւ դա հարցը լուծելու տարբերակ չի համարում։ Նա նաեւ խոստացավ,որ ակցիայի կազմակերպիչները չեն պատժվի։ «Դուք կարծում եք, որ ես այնքան պրիմիտիվ եմ, որ ընկնեմ էդ ուսանողների հետեւի՞ց, գնամ նրանց քննությո՞ւնը նայեմ»,-ասաց նա։

Հարցին, թե ասպիրանտուրայում եւ մագիստրատուրայում առանց տարկետման տեղերի կրճատումը էական նշանակություն կունենա՞ բանակի համար, ռեկտորը պատասխանեց. «Դա 100 եւ 200 տեղ չի եւ դա բանակի հետ չեմ կապում: Ես դա կապում եմ պետության կարքիների հետ, բանակը թե ինչ կլինի, իմ որոշելիքը չի, կառավարությունը որոշել է, ես պարտավոր եմ կատարել»։