Վաշինգտոնը Մահմուդ Ահմադինեժադին Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված առաջնորդ է ճանաչել։ Ինչպես հայտնել է BBC-ն, Սպիտակ տունը նրան ճանաչել է հունիսյան նախագահական ընտրությունների հաղթող։ «Նա՝ ընտրված առաջնորդ է»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը։
Նախագահական ընտրություններից հետո Իրանի ընդդիմությունը ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքները ֆարս էր անվանել։ Երկրում անցան զանգվածային ցույցեր, որոնց ընթացքում տասնյակ ցուցարարներ սպանվեցին։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո առաջացած ցույցերը 1979 թ-ի հեղաշրջումից ի վեր դարձան խոշորագույնը: 70-ականների հեղաշրջման արդյունքն էր, որ երկրում ստեղծվեց ներկայիս իսլամական վարչական համակարգը, հիշեցնում է հեռուստառադիոկորպորացիայի ռուսական ծառայությունը։
Մինչդեռ Իրանում ավարտվում են Մահմուդ Ահմադինեժադի երդմնակալության արարողության վերջին նախապատրաստական աշխատանքները։ Երկրի անվտանգության ուժերը դիրքեր են գրավում Թեհրանի խորհրդարանին հարակից փողոցներում, որտեղ տեղի է ունենալու արարողությունը։ ԻԻՀ նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեժադին հաստատել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթօլլա Ալի Համենեին։ Ինագուրացիայից անմիջապես հետո երկու շաբաթվա ընթացքում նախագահը պետք է կառավարություն ձեւավորի եւ այն ներկայացնի խորհրդարանին։



























