Այսօր` ապրիլի 29-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգության» լրատվական ծառայությունից, նամակով հարցեր ուղղելու եւ պաշտոնական պարզաբանում խնդրելու առիթ է հանդիսացել այն տեղեկատվությունը, որ ապրիլի 22-ին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասապրոցես չի կայացել ուսանողներին տուն ուղարկելու պատճառով:

Սաֆարյանի նամակում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետով (պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը)` խնդրում եմ ներկայացնել նշյալ օրը դասերի չկայանալու պատճառները եւ համապատասխան որոշումներն ու դրանց իրավական հիմքերը: Բացի այդ, հաշվի առնելով, որ ԵՊՀ-ում վճարովի հիմունքներով սովորում են բազմահազար ուսանողներ, ովքեր ուսման վարձ են վճարում կրթություն ստանալու դիմաց, խնդրում եմ հայտնել` արդյո՞ք այդ ուսանողների համապատասխան դիմումների հիման վրա նրանց կփոխհատուցվի մեկ ուսումնական օրվա համար հաշվարկված ուսման վարձը: Իսկ եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմնավորմամբ»:

«Ժառանգությունը» հետամուտ է լինելու ուսանողության իրավունքների պաշտպանությանը եւ ակնկալում է, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակավ պարզաբանումներ ներկայացնի խնդրո առնչությամբ, քանի որ փաստի մասին բարձրաձայնել են բազմաթիվ լրատվամիջոցներ: