Ապրիլի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը ինքնասպանություն է գործել: Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, դեպքի հետ կապված տեղեկություններ ՔԿՀ վարչությունը չի հայտնել, այստեղ գաղտնի են պահում իրենց համար ոչ շահեկան ցանկացած տեղեկություն: Հայտնի է միայն, որ կախվողը երիտասարդ էր:

Վերջին 10 օրվա ընթացքում սա «Նուբարաշենում» երկրորդ «խորհրդավոր» պատահարն է, որը փորձում են կոծկել: Ապրիլի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ հոգեբուժական դիսպանսերի հիվանդասենյակներից մեկում մահացել էր 59-ամյա Արտյոմ Պողոսյանը: Արտաքին զննության ժամանակ դիակի վրա հետքեր չէին հայտնաբերվել, սակայն փորձաքննությամբ պարզվել էր, որ մահվան պատճառը «գանգուղեղային փակ բութ» վնասվածքն է, հայտնում է ոստիկանությունը:

Հիշեցնենք նաև, որ գլխավոր դատախազության տվյալներով` քրեակատարողական հիմնարկներում, 2008 թ-ից սկսած, նկատվել է հանցագործությունների ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա համեմատ: