Ապրիլի 30-ին Թբիլիսի է ժամանում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմերբերգը։ Ինչպես հայտնում է վրացական Կավկազ-Պրեսս գործակալությունը, այցի ծրագիրը ներկայումս ճշտվում է։

Նախնական տվյալներով, Համմերբերգը կայցելի նաեւ Հարավային Օսիա, որտեղ կհանդիպի տեղի իշխանությունների հետ։

Համմերբերգի օրակարգի հարցերից մեկը վրացական եւ օսական կողմերում գտնվող անձանց ազատ արձակելն է։ Համմերբերգը նրանց ապօրինի ձերբակալված է համարում եւ 2008 թ. վրաց-ռուսական պատերազմից հետո զբաղվում է գերիների ազատ արձակմամբ։ Ինչպես օրերս հայտարարել է Համմերբերգը, այս ընթացքում երկու կողմերից ազատվել են 100 գերիներ, սակայն մնում են Վրաստանի իշխանությունների որոշմանը սպասող եւս մի քանի տասնյակ մարդիկ։