Օբամայի վարչակազմի ամենամեծ սխալն այն է եղել, որ նա բավարար չափով ճնշում չի բանեցրել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վրա, որպեսզի վավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները՝ առանց դրանք կապելու ԼՂ խնդրի հետ: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայն»-ի, հայտարարել է Ջորջ Վաշինգթոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Կորի Վելտը:
Փորձագետը կարծում է, որ եթե Վաշինգթոնը ուժեղացներ ճնշումը Թուրքիայի իշխող կուսակցության վրա, ԱՄՆ-ի համար պարզ կդառնար, որ ԼՂ խնդիրը անկյունաքար է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
Վելտի խոսքով, ԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ եւ միանալով Թուրքիային՝ պաշտոնական Երեւանից պահանջի զիջումներ ԼՂ հարցում:
Վերլուծաբանը նշել է նաեւ, որ պետք է վերականգնել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի վերջին ժամանակներս լարված երկկողմ հարաբերությունները, միաժամանակ շարունակելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղիների փնտրտուքը:




























