«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Ռուբեն Հակոբյանի եւ Կարինե Հակոբյանի՝ իր շարքեր մուտք գործելու որոշումը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Նա ընդգծել է, որ եւ նախկինում ՀՅԴ անդամ եղած Ռուբեն Հակոբյանը եւ Կարինե Հակոբյանը հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ են եւ իրենց ավանդը կբերեն կուսակցության գործունեության մեջ։ Մարտիրոսյանն, այդուհանդերձ, չի բացառել, որ մոտ ապագայում «Ժառանգության» շարքերը կհամալրվեն հասարակությանը հայտնի անուններով։ Նա հայտնել է, որ կուսակցության շարքեր կընդունվեն նաեւ 100 երիտասարդներ։ Մարտիրոսյանը ընդգծել է, որ կուսակցությունում շարքերը լրացնելուն ուղղված հատուկ աշխատանքներ չեն իրականացվում։ Ինչ վերաբերում է «Ժառանգության» շարքերից հեռացածներին, պատգամավորի տեղեկացմամբ, նրանց թիվը չի անցնում 20-ից։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, մեկնաբանելով իր նախկին կուսակցի՝ «Ժառանգության» շարքեր անցնելը, նշել է. «Դաշնակցությունն ընտանիք է, եւ այնտեղ մուտք գործած յուրաքանչյուր անձ այդ ընտանիքի անդամ է դառնում։ Նա, ով լքում է կուսակցության շարքերը, լքում է նաեւ ընտանիքը։ Այդպիսինների հետագա գործունեությունը մեզ հետաքրքիր չէ։ Իզուր չեն ասում, որ նախկին դաշնակցականներ չեն լինում, որովհետեւ Դաշնակցությունը մտածելակերպ է, գաղափարախոսություն, կենցաղ…»։