Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 26 պատգամավորներ արդեն միացել են Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարությանը, հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը Ստրասբուրգից:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի մարդկային արժանապատվության հարգմանն ու կկանխի մարդկության դեմ հանցագործությունները: Բացի այդ, վկայակոչելով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, Վեհաժողովի անդամները կոչ են անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Համաձայն հայտարարության՝ նման քայլերը կնպաստեն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը՝ նպաստելով նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Նշենք, որ հայտարարությունը որի նախագիծը ներկայացրել է Հայաստանի պատվիրակությունը, հրապարակվել է ապրիլի 29-ին՝ Ֆրանսիայի պատվիրակության պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնի կողմից, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանից առաջ:




























