«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է Գեոպոլիսի (Աշխարհի քաղաք) մակետը:

Հայաստանի մասնակցության գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու ՀՀ վարչապետի օգնական Ռուբեն Շատվորյանը ցուցահանդեսում բացել են Հայաստանի տաղավարը՝ քննարկման ներկայացնելով մարդկության պատմության մեջ առաջին անգամ համատեղ ուժերով Արարատ լեռան փեշին Գեոպոլիս (Աշխարհի Քաղաք) կառուցելու առաջարկը:

Ցուցահանդեսում արդեն կարելի է տեսնել նաեւ քաղաքի վիրտուալ 3D մակետը Experiencing տաղավարում, որը Շանհայ օնլայն համակարգում ընտրել է Հայաստանը: Կազմակերպիչների տեղեկացմամբ` օնլայն համակարգը համաշխարհային ցուցահանդեսների պատմության մեջ առաջին անգամ ամենալայն տարածումը կգտնի հենց «Շանհայ Էքսպո 2010»-ի շրջանակներում, եւ Հայաստանը այն սակավաթիվ երկրներից մեկն է, որը հաջողությամբ իրականացրել է տվյալ համակարգի ամենաբարդ նախագծերից մեկը:

Բավական հետաքրքիր է պատրաստված նաեւ հայկական տաղավարը: Հենց մուտքի մոտ տեղակայված է կոմերցիոն հատված, որտեղ այցելուները կկարողանան ձեռք բերել տարբեր ապրանքներ, ինչպես նաեւ` համտեսել հայկական հողի բարիքները, հատկապես՝ հայկական ծիրանը, կծանոթանան հայ ոսկերիչների վարպետությանը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին նախատեսված է Հայաստանի ազգային օրվա տոնակատարությունը, որի շրջանակներում կներկայացվի հայկական մշակույթը, կկայանան բազմաթիվ մշակութային իրադարձություններ` ցուցահանդեսներ, բեմականացումներ եւ այլն:

Նշենք, որ «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որին Չինաստան է հրավիրել ՉԺՀ ղեկավար Հու Ձինթաոն: Հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 192 երկրներ: