Լուիզիանա նահանգից հետո արտակարգ իրավիճակ են հայտարարել նաեւ Ալաբամայի եւ Ֆլորիդայի նահանգները։ Մեքսիկական ծոցում պլատֆորմի ջրասույզ լինելուց հետո նրանց ափամերձ գոտուն նավթային մեծ բիծ է սպառնում։

Իր հերթին ԱՄՆ Ազգային գվարդիան Լուիզիանա նահանգում պայքարում է նավթի արտահոսքի դեմ։

Նախօրեին պարզ է դարձել, որ Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի հետեւանքները պարզելու համար ամերիկյան իշխանությունները առկախում են հորատող նոր սարքավորումների բացումը։ Մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ին սպառնում է համաշխարհային պատմության մեջ ամենամեծ բնապահպանական աղետը։

Լուիզիանայի ափերի մոտ նավթային պլատֆորմը խորտակվել էր ապրիլի 22-ին։ ԱՄՆ-ի վթարային ծառայությունները սկսել էին այրել նավթաշերտը, որն առաջացել էր նավթաշտարակի փլուզման եւ բռնկված հրդեհի հետեւանքով, սակայն շատ չանցած Մեքսիկական ծոցում հայտնաբերել էին եւս մի նավթաշերտ, որն առաջացել էր վերջերս խորտակված հորատման աշտարակի տեղում։