ԵՄ-ի` Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կարող են ոչնչացնել Կիպրոսի տնտեսությունը: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Իոաննիս Կասուլիդիսը:
«Կիպրոսը ինչպես Նիդեռլանդների եւ այլ երկրների, այնպես էլ Ռուսաստանի հետ խորը տնտեսական կապեր ունի: Այնպես որ այդ երկրի դեմ պատժամիջոցները կարող են ոչնչացնել մեր տնտեսությունը»,-նախարարի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ եթե այդ պատժամիջոցներն անհրաժեշտ բնույթ են կրում, ապա ԵՄ-ի յուրաքանչյուր անդամ-երկիր ինքը պետք է որոշի` կիրառել դրանք, թե` ոչ: «Անկախ բնույթից, պատժամիջոցը նրա համար չէ, որ կիրառողին էլ վնաս հասցնի»,-ընդգծել է Կասուլիդիսը:
Հիշեցնենք` նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, թե ժնեւյան քառակողմ հանդիպման (ԱՄՆ, ԵՄ, ՌԴ եւ Ուկրաինա) արդյունքում պայմանավորվածության բացակայությունը խոսելու է այն մասին, որ ՌԴ-ի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ պետք է կիրառել:
«Հինգշաբթի օրը քառակողմ հանդիպում տեղի կունենա: Եթե այն արդյունքներ չտա, ստիպված կլինենք պատժամիջոցների անցնել»,- գրել է նախարարը թվիթթերի իր էջում: Նա նաեւ հավելել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը հաստատակամություն եւ պատախանատվություն դրսեւորելու մեջ է կայանում: «Մենք չենք պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ»,-ասել է նա:


























