Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը Արեւմուտքի պատոնական դեմքերից չի սպասում, որ նրանք կշոնհավորեն իրեն նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այսօր իր երդման արարողության ժամանակ Ահմադինեջադը հայտարարել է, որ Արեւմուտքի ղեկավարները ճանաչում են Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շնոհավորական ուղերձներ չեն ուղարկելու:

«Դա խոսում է այն մասին, որ նրանք չեն հարգում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,- ասել է նա ու հավելել, որ Իրանի ժողովուրդը դեմ է նման վերաբերմունքին:

Իրանի նախագահի երդման արարողությունը տեղի է ունեցել երկրի խորհրդարանում, որին մասնակցել են Իրանի բարձրագույն պաշտոնյաներն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Ըստ Իրանի Սահմանադրության, երկրի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին պետք է հաստատի նորընտիր նախագահին իր պաշտոնում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հրաժարվել են շնորհավորել Ահմադինեջադին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: