Այս կամ այն երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են միջամտում երրորդ երկրների գործերին, ինչը խիստ անընդունելի է եւ ոչ լավագույնը, ինչ կարող են անել նրանք։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետական կուսակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, թե անհրաժեշտ է բացել ոչ միայն հայ-թուրքական, այլ նաեւ հայ-ադրբեջանական սահմանը։

Նշելով, որ ամեն երկիր իր խնդիրները եւ շահերն ունի, Թուրքիայի նմանօրինակ պահվածքը Նաղդալյանը գնահատեց իբրեւ այլոց գործերին խառնվելու լավագույն օրինակ։ «Միջազգային նորմերի տեսանկյունից դա անընդունելի է։ Չնայած այս ամենին՝ հայ-ադրբեջանական սահմանը բացելու անհրաժեշտություն կա։ Բացի այդ, կա նաեւ Ղարաբաղի ժողովրդի՝ միջազգային իրավական բոլոր նորմերով հիմնավորված անկախության վերաբերյալ արդար պահանջները բավարարելու կարիքը։ Կարծում եմ, որ սա է լինելու Ադրբեջանի հետ սահմանների բացման եւ հարաբերությունների կարգավորման լավագույն գրավականը»,- համոզմունք հայտնեց հանրապետական գործիչը։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Օքսֆորդում ունեցած իր ելույթի ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է բացել ոչ միան հայ-թուրքական, այլ նաեւ հայ-ադրբեջանական սահմանը։