Մինչեւ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումն ուժի մեջ չմտնի, մենք նոր օրենքի մշակման վրա չենք աշխատի իշխանությունների հետ: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

«Նախ մենք պայքարելու ենք, որ ՍԴ-ի որոշումն ուժի մեջ մտնի, որից հետո արդեն նոր օրենքի վերաբերյալ կաշխատենք, սակայն այդ դեպքում էլ պայքարը սկսելու ենք դեռ օրինագծից, որպեսզի հետագայում նույն խնդիրներ առաջ չկանգնենք»,- ասաց նա:

Անդրադառնալով երեկ` ապրիլի 18-ին ՀՀ նախագահական նստավայր եկած Հովիկ Աբրահամյանին` Դավիթ Մանուկյանը ասաց, որ վարչապետի գալը նրա անձնական որոշումն է եղել: Իրենք հստակ ներկայացրել են ՍԴ որոշման հետ կապված իրենց տեսակետը:

«Սահմանադրության որոշումները կարող է իրականացնել միայն նախագահի ինստիտուտը: Պետք է օր առաջ կատարել ՍԴ որոշումը եւ կասեցնել ապօրինի դրամահավաքը»,- ասաց Դավիթը:

Արսեն Մանուկյանն էլ ընդգծեց, որ իրենք ոչ թե խնդրում, այլ պահանջում են, որ Սահմանադրական դատարանի որոշումն ի կատար ածվի:

«Ինձ համար որպես քաղաքացի, հարցը դեռ լուծված չէ: Ես այն ժամանակ հարցը լուծված կհամարեմ, երբ ինձ վրա կզգամ այդ փոփոխությունը»,- ավելացրեց Արսենը:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարը շարունակելու է` անկախ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններից:

Նշենք, որ ապրիլի 18-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվել էր Բաղրամյան 26-ում` պահանջելու նախագահից կատարել ՍԴ ապրիլի 2-ին կայացրած որոշումը` հակասահմանադրական ճանաչելու կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի որոշ դրույթներ: Հավաքվածների հետ հանդիպելու եւ զրուցելու էր եկել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը խոստացել էր կայացնել որոշում, որը կլինի քաղաքացիների սրտով: