Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վրայից ինչ-որ մեկը բուլդոզերով հեռացրել է վերեւի 2 մետրանոց հողաշերտը եւ ներկայումս ողջ թունաքիմիկատները դուրս են եկել հողի մակերեւույթ։ Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, ով երեկ ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանի հետ եղել է այդ գերեզմանոցում։
Լրագրողը նշեց, որ 77 տոնա թունաքիմիկատներն արդեն ներծծվել են այդ տարածքից 35 մետր ներքեւ գտնվող հողի, ջրի եւ օդի մեջ։
«Սա ամենամեծ հանցագործությունն է, որ կատարվել է վերջին տասնամյակներում Հայաստանում։ Մի աղետ է տեղի ունենում Հայաստանում, Երեւանում եւ ոչ մեկը չի ուզում ուշադրություն դարձնի կամ աչքի տակով է նայում»,-ասաց նա՝ հավելելով, որ Արտակարգ իրավիճակների եւ Բնապահպանության նախարարությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ, եւ եթե այսպես շարունակվի, նրանք պահանջելու են բնապահպանության նախարարի հրաժարականը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությանը ստիպելու են հարեւան գյուղերի բնակիչներին զգուշացնել վտանգի մասին։
Բանախոսները նաեւ նշեցին, որ հարակից գյուղի բնակիչներն իրենց անասուններին տանում են այդ տարածքում արածեցնելու եւ հետո կաթն ու մածունը վաճառում են Երեւանում։
Մարիամ Սուխուդյանը պատմեց, թե նա երեկ թունաքիմիկատների գերեզմանոցում լինելու ժամանակ իրեն վատ է զգացել։
«20 րոպե է, ինչ այդ տարածքում ենք անցկացրել եւ բժշկական դիմակներ էինք վերցրել, բայց այդ թունաքիմիկատները պարկերից դուրս էին եկել, նախկինում պարկերի մեջ էին։ Նախ սկսվեց կոկորդի շատ ուժեղ ցավ, սկսեցի հազալ, հետո կրծքավանդակում սուր ցավեր էին, գլխացավ, սրտխառնոց»,- ասաց նա։ Իսկ Էդիկ Բաղդասարյանն էլ հավաստիացրեց, որ թունաքիմիկատները վտանգավոր են հատկապես հարեւան գյուղի բնակիչների համար եւ կարող են քաղցկեղ ու այլ վտանգավոր հիվանդություններ առաջացնել։
Էդիկ Բաղդասարյանը վերջում հավելեց, որ 2005 թվականին Հայաստանին 500 հազար դոլար է տրամադրվել եւ կազմվել է ազգային ծրագիր, որով պետք է այս հարցը լուծվեր, սակայն այդ փողով նույնիսկ թունաքիմիկատները չեն ուսումնասիրել։




























