Սեւանա լճի երկու օրենսդրական նախաձեռնությունների դեմ պայքարող գյուղապետերին օրերս կանչել են մարզպետարան եւ զգուշացրել այլեւս դեմ չարտահայտվել կառավարության կայացրած որոշմանը՝ ձկնաբուծական ֆերմա կառուցելու եւ լճից 70 մլն խորանարդ ավելի ջուր վերցնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:

«Գեղարքունիքի մարզի այն գյուղապետերը, ովքեր դեմ են արտահայտվել կառավարության օրենսդրական նախաձեռնություններին, մարզպետն անձամբ կանչել, զգուշացրել եւ հրահանգել է այլեւս չբողոքել եւ ոչ մի տեղ չխոսել Սեւանա լճի պահպանման մասին»,- ասաց նա:

«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ օրերս հաճախել էին Գեղարքունիքի մարզ, հանդիպել են մի քանի համայնքների ղեկավարների հետ, ովքեր բողոքել էին, հատկապես Լճաշենի գյուղապետը:

Նշենք, որ Սեւանի պահպանման համար պայքարող մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 25-ից բողոքի ակցիաներ են կազմակերպում Սեւան քաղաքում եւ Երեւանում՝ Ազգային ժողովի մոտ՝ պահանջելու չընդունել օրենսդրական նախաձեռնությունները: