Ժամանակին Հայաստանի Կենտրոնական բանկը, փորձելով «հիմնավորել»  երկրում դոլարի փոխարժեքի անկումը, սկզբում նշում էր միջազգային արժութային շուկայի իրավիճակը, հետո դրսից մասնավոր «դոլարային» փոխանցումների հոսքը: Պնդում էին, որ մասնավոր փոխանցումների ծավալը ճնշում է երկրի արժութային շուկան, նաեւ՝ գնաճ հրահրում:  Բայց վիճակագրական «չոր» տվյալները այլ եզրահանգման էին բերում:

2003-2008թթ. Հայաստանում դոլարը «թուլացել էր»  մոտ 1,9  անգամ, ինչն աշխարհում աննախադեպ էր: Համենայն դեպս՝ քաղաքակիրթ երկրներում: Արդյունքում նույնքան նվազել էր «դոլարային» փոխանցումներ  ստացող ընտանիքների գնողունակությունը:

2008-ին տասը տարվա մեջ դոլարի փոխարժեքի նվազագույն ցուցանիշն էր արձանագրվել (306,0 դրամ), միեւնույն ժամանակ՝ գնաճի առավելագույն մակարդակը (9,0%):

Նկատենք,  2003թ. դոլարը Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն էր գրանցել  (578,8 դրամ), իսկ գնաճը  «ընդամենը» 4,7% էր:

Բնականաբար, Կենտրոնական բանկի ղեկավարությունը կարող է արդարանալ, թե իբր հակառակ պարագայում գնաճը շատ ավելի մեծ էր լինելու: Բայց այդ դեպքում Հայաստանում աշխարհի ամենաբարձր գները կլինեին: Չէ՞ որ ներկայումս այդ ոլորտում «եվրաստանդարտների» ենք հասել, եւ նույնիսկ որոշ ապրանքների առումով գերազանցում ենք դրանք: Այնպես որ գնաճի զսպման «միջոցառումներից» ստացված արդյունքը գործնականում զրոյական էր, իսկ վերջին տարիներին երկրում աղքատության ծավալները էլ ավելի են ընդլայնվել:

Մինչ այդ «փորձարկումները» շարունակվում են: Երկրում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը այդ «հարկը» վճարողների գնողունակության կրճատման կհանգեցնի: Դժվար թե գործատուները վարձու աշխատողի համար այդ վնասի փոխհատուցման գնան:

Այստեղ պետք է մի մանրամասնի էլ անդրդառնալ, որ ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի: Որպես կանոն, առեւտրային ընկերության շարքային անձնակազմը աշխատակազմի մակարդակով մի գլուխ (եթե չասենք` երկու) զիջում է ղեկավարության անդամներին: Պաշտոնական վիճակագրությունը ըստ ոլորտների միջինացված ցուցանիշներ է բերում, որտեղ մեկ զամբյուղի մեջ համախառն ներկայացված են եւ ընկերությունների էլիտար շերտերի բազմահազարանոց (դոլարային արտահայտությամբ) դրույքաչափերը, եւ մնացած աշխատողների համեստ աշխատավարձը:

Բայց, դիֆերենցված ցուցանիշներ չունենալու պատճառով, ստիպված ենք միջին ամսական անվանական աշխատավարձով բավարարվել` հաշվարկների համար հիմք ընդունելով հունվար ամսին գրանցված մակարդակը: Ընդգծենք, որ անցած տարվանից աշխատանքի դիմաց վճարման ծավալը նաեւ միասնական եկամտահարկն է ներառում, ինչ արհեստականորեն մեծացնում է անվանական աշխատավարձի չափը:  Հենց այդ պատճառով է, որ հիշյալ նորամուծությունից անտեղյակ քաղաքացիների մոտ այս ցուցանիշը սկսել է նվազագույնը անկեղծ զարմանք հարուցել:

Եվ այսպես, մասնավոր հատվածում ամենաբարձր «կենսաթոշակային հարկն» ունեն տեղեկատվության եւ կապի ոլորտում աշխատողները` ամսական միջինը 18 հազար դրամ եւ ավելի: Նրանց հաջորդում են ֆինանսական եւ ապահովագրական գործունեությամբ զբաղվողները` գրեթե 17 հազար դրամ: Ինչ վերաբերում է տնտեսության ոչ պետական ողջ հատվածի միջին ցուցանիշին, ապա այն ավելի քան 9 հազար դրամ է կազմում:

Հաշվարկները ցույց են տալիս, որ կուտակային համակարգում պահումների ընդհանուրն գումարը մեծածախ ապրանքաշրջանառության եւ վճարովի ծառայությունների ընդհանուր ծավալի ավելի քան 1 տոկոսն է կազմում` բացասական նշանով: Հանրապետությունում ապրանքների վաճառքի ծավալների կրիայի քայլերով աճի, երբեմն էլ` տեղում դոփելու պայմաններում սա այնքան էլ փոքր ցուցանիշ չէ:

Սկզբունքորեն՝ աշխատավարձը պետք է սոցիալական ստանդարտ ապահովի, այսինքն՝ հնարավորություն տա օգտվել ժամանակակից կյանքի բոլոր բարիքներից: Օրինակ՝ թեկուզ եւ հիփոթեքով ձեռք բերել  բնակարան, մեքենաներ, ապահովել ապրանքների եւ ծառայությունների սպառման արժանապատիվ մակարդակ, ամբողջ ընտանիքով արձակուրդի ժամանակ հանգստանալու հնարավորություն ունենալ ժամանակակից հանգստավայրում: Այս կապակցությամբ  ծիծաղելի են միջին ամսական աշխատավարձերը, որոնք իրականաում ստանում են վարձու աշխատողները՝ բոլոր պարտադիր հարկերը վճարելուց հետո: Սրանց էլ գումարվել է «կենսաթոշակային հարկը»:

Դրանից բացի՝ մայրաքաղաքի բնակիչներին (ուղեւորների շարքից) այժմ սպառնում է ցամաքային երթուղային երթեւեկության սակագնի զգալի  թանկացում (հետո, բնականաբար, նաեւ՝ մետրոյում): Այս բոլոր գործոնները, գումարած ապրանքների եւ ծառայությունների հետեւողական թանկացումը, կնպաստեն շարքային ընտանիքների կենսամակարդակի հետագա նվազմանը:  Այդ թվում եւ հատկապես՝ միայն «աշխատավարձով» եւ կենսաթոշակով ապրողների դեպքում:

Սմբատ Գրիգորյան