ՌԴ Դումայի Խորհուրդը Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի դիմանկարների` խորհրդարանի շենքի երկրորդ հարկի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսը դադարեցնելու խորհուրդ է հղել:

Խորհրդարանականի դիմանկարները հեռացնելու մասին որոշումը հետեւանքն է վերջերս տեղի ունեցած միջադեպի, երբ կուսակցության առաջնորդը վիրավորանք էր հասցրել մի լրագրողուհու, տեղեկացրել է ռուսական խորհրդարանի ստորին պալատի առաջին փոխնախագահ Իվան Մելնիկովը:

Նա նաեւ ընդգծել է, որ վերջնական որոշումը Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ կանոնակարգի հանձնաժողովն են ընդունում:

Ի պատասխան լրագրողների մեկնաբանության, թե նմանատիպ միջադեպերից հետո այլ երկրների քաղաքական գործիչներն իրենք են պաշտոնը լքելու կամ մանդատը վերադարձնելու մասին որոշում կայացնում, պալատի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուկովը հիշեցրել է, որ Պետդումայում «հատուկ նման դեպքերի համար ձեւավորված էթիկայի հանձնաժողովի հատուկ նիստ է գումարվելու»:

«Կարծում եմ` այդ նիստից հետո էթիկայի հանձնաժողովը կոնկրետ որոշմամբ հանդես կգա եւ առաջարկներով` այն հարցերի շուրջ, որոնց ընդունման լիազորությունը չունի»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ ասել է փոխնախագահը:

Հիշեցնենք` ապրիլի 18-ին «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության թղթակցուհին հարց էր ուղղել Ժիրինովսկիին, թե արդյոք, ի պատասխան ռուսաստանցիների մուտքը` գենդերային եւ տարիքային սկզբունքով արգելող օրենքի, Ռուսաստանը պետք է Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ սահմանի: Հարցին ի պատասխան, Ժիրինովսկին սկսել էր վիրավորանքներ հնչեցնել լրագրողուհու եւ վերջինիս` նրա պաշտպանությամբ հանդես եկած գործընկերների հասցեին: