Բաշար Ասադի` Սիրիայի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու շանսերը մեծ են: Ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով, Ասադի նախագահական իշխանավարման երկրորդ ժամկետը հուլիսի 17-ին է սպառվում, եւ չնայած նա դեռ չի առաջադրել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, կասկած չկա, որ դեռ հասցնելու է: Փորձագետի կարծիքով, Ասադը ոչ մի բացահայտ մրցակից չունի: Բացի այդ, նրա հաղթանակի բարձր հավանականությունը մարտին երկրի խորհրդարանի կողմից նախաձեռնված ընտրական օրենսդրության փոփոխություններով է պայմանավորված:

Մասնավորապես, նախագահի թեկնածություն կարող են առաջադրել միայն 40-ը լրացած եւ երկքաղաքացիություն չունեցող անձինք: Բացի այդ, պետական բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է 10 տարի շարունակ բնակված լինի երկրում եւ սիրիացի ծնողներ ունենա: Այս պահանջները, Քոչարյանի տեսանկյունից, տեսականորեն բարդացնում են ընդդիմության` ընտրություններին մասնակցելու շանսերը, քանի որ նրա առավել հայտնի ներկայացուցիչները երկար ժամանակ արտասահմանում են ապրել:

Հիշեցնենք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական խորհրդի ղեկավար Մուհամմադ Ջիհադ Ալ-Լյահհամը նախագահական ընտրություններին թեկնածությունների առաջադրման ժամկետի մեկնարկի մասին հայտարարել էր ապրիլի 21-ին: Թեկնածուների հայտերը կընդունվեն ապրիլի 22-ից  մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Նախագահական ընտրությունների օր է նշանակվել հունիսի 3-ը: