«Մենք ունենք ազատագրված Արցախ, որտեղ չունենք բնակչություն: Եթե մեզ տան Նախիջեւանը, եկեք մտածենք, ինչ ենք անելու Նախիջևանում»,-այսօր` մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժմանակ նման կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ նկատելով, որ նախքան որևէ բան ուզելը, պետք է հստակ ծրագիր ունենալ: «Քանի դեռ մենք Արցախը չենք մարսել, ես կարծում եմ, ապագա ծրագրերի մասին շատ երազկոտ ենք արտահայտվում: Դրանք միտված են քվեներ բերելուն»,-ասել է նա, ինչին արձագանքել է նույն ասուլիսին ներկա քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը՝ նշելով. «Բայց թող տան, ես գիտեմ, ինչ եմ անելու»:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Լ. Շիրինյանը նշել է, որ Հայաստանը պետք է նախապայմանների լեզվով խոսի Թուրքիայի հետ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Արցախի խնդրում առաջընթաց լինի, նա պատասխանել է. «Թուրքիան անում է այն, ինչ իրեն է պետք, մենք պետք է անենք այն, ինչ մեզ է անհրաժեշտ եւ շահավետ։ Վստահ եմ, որ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ հարցը լուծելու։ Մեր պաշտպանական բնագծերն այնպիսին են, որ Ադրբեջանը պետք է բազմաթիվ գերազանցություններ առաջացնի, որ կարողանա դրանք հաղթահարել»։
Քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ ոչ թե Ադրբեջանը պետք է սպառնա Հայաստանին, այլ Հայաստանը պետք է կոնկրետ սպառնալիքներ ստեղծի: «Եվլախի ուղղությամբ երբ սպառնալիք ստեղծվի, Ադրբեջանը նույն օրը կխեղճանա, եւ՝ Հորադիզի ուղղությամբ»,- ասել է նա:




























