Թուրքիայի Դիարբեքի քաղաքում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը կից համարվող «Հայրենասերների ժողովրդավարական երիտասարդություն» կազմակերպության կողմից կազմակերպված երթի ընթացքում ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ ընդհարում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Radikal» թերթը։
Դիարբեքիրում կազմակերպված երթին մասնակցել են Դիարբեքիրի շրջանի ղեկավարը եւ շրջանային այլ ղեկավարներ։ Մասնակիցների մեջ եղել են խմբեր, որոնց մասնակիցների դեմքերը ծածկված էին։ Մոտ 1.5 կիլոմետր երկարությամբ երթի մասնակիցները ձեռքներին պահել են այրվող ջահեր եւ վանկարկել են «Երիտասարդությունը Ապոյին (Աբդուլահ Օջալան) հավատարիմ է»։
Երթի ժամանակ քուրդ երիտասարդների մի խումբ էլ պաստառ էր բարձրացրել, որի վրա քրդերենով գրված էր. «Կամ Ապոյին ազատություն, կամ ոչինչ», իսկ թուրքերենով գրված էր. «Սեպտեմբերի մեկը կգա Թուրքիայի հանրապետությունը հաշիվ կտա»։
Դեմքերը ծածկած երիտասարդները երթի ընթացքում սկսել են այրվող շշեր նետել երթի անվտագությունը ապահովող ուժերի ուղղությամբ։ Դրան ի պատասխան, ոստիկանները օդ են կրակել՝ ցուցարարներին ցրելու համար։ Ինչպես նաեւ օգտագործել են ջրաշիթեր եւ արցունքաբեր գազ։ Ցրվող երթի մասնակիցները հեռացել են՝ ոստիկանների հետեւից քարեր նետելով։
Այս դեպքերի արդյունքում մի ոստիկան վիրավորվել եւ 11 հոգի ձերբակալվել են։



















