Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 36-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 1-ին նշվել է Հայաստանի Հանրապետության օրը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս՝ ՀՀ դեսպանության եւ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության ջանքերի շնորհիվ, Հայաստանի տաղավարը չէր զիջում ցուցահանդեսում ներկայացված այլ երկրների ու հրատարակչությունների տաղավարներին:

Նկատի ունենալով, որ մայիսի 25-ին Արգենտինայում նշվելու է Մայիսյան հեղափոխության 200-ամյակը, որի շնորհիվ երկիրը ձեռք բերեց իր անկախությունը, ցուցահանդեսի համար ընտրվել է «Գրքերի հետ տոնել 200-ամյա պատմությունը» կարգախոսը:

«Հայաստանի օրվա» հանդիսությունները կայացել են Գրքի ցուցահանդեսը հյուրընկալող «Ռուրալ» համալիրի «Խոսե Ֆերնանդես» սրահում: Միջոցառմանը ներկա մոտ 1500 հանդիսատեսներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի երեք հազարամյա պատմության մեջ, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններից էր մ.թ. 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը, ինչի շնորհիվ հայերեն թարգմանվեց գրքերի գիրքը՝ Աստվածաշունչը, տպագրվեցին հազարավոր գրքեր, որոնք մեր ազգի մշակութային եւ մտավոր հարստության ամենաարժեքավոր մասն են կազմում»: Դեսպան Կարմիրշալյանը նշել է նաեւ այն կարեւոր դերը, որ անցած երկու հարյուրամյակների ընթացքում ունեցել են արգենտինացի գրողներն ու մտավորականները այդ երկրի կայացման ու ժողովրդավարեցման գործում: «Բավական է հիշատակել միայն մեր ժամանակների այնպիսի խոշորագույն գրողների անուններ, ինչպիսիք են Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, որպեսզի պարզ դառնա, թե ինչ մեծությունների է պարգեւել Արգենտինան ամբողջ աշխարհի», — ասել է ՀՀ դեսպանը:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես է եկել Գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» գրքի նոր հրատարակության շնորհանդեսին մասնակցելու համար Իսպանիայից ժամանած հայտնի լրագրող ու գրող, հանրաճանաչ «Լա բոմբա» գրքի հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանը: Նա անդրադարձել է իր հեղինակած գրքի նախապատմությանը եւ, խոսելով հայ գրքի ու գրականության մասին, կոչ է արել ներկաներին այցելել Երեւանի Մատենադարանը՝ «ծանոթանալու համար այն մեծագույն մտավոր եւ մշակութային արժեքների հետ, որ դարերի ընթացքում ստեղծել է հայ ժողովուրդը»: