Հարավկովկասյան երկաթուղու գնացքներում եւ կայարաններում ռադիոկապի սարքավորումներ են տեղադրվում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վահե Դավթյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ գնացքներում եւ կայարաններում կտեղադրեն մոտ 47 նման սարքավորումներ։

«Ռադիոկապի սարքավորումներ կտեղադրվեն ինչպես ներհանրապետական, այնպես էլ հանրապետությունից դուրս եկող գնացքներում, ինչպես նաեւ հիմնական կայարաններում»,- ասաց Դավթյանը՝ ավելացնելով, որ նորամուծության շնորհիվ հնարավոր կլինի ողջ երկաթգծի երկայնքով անմիջապես կապ հաստատել եւ ավելի օպերատիվ տեղեկություն փոխանակել, ինչը այժմ կատարվում է հեռախոսի միջոցով։

Դավթյանի խոսքով՝ ռադիոկապի նման հնարավորությունների շնորհիվ հնարավոր կլինի գնացքների ավելի անվտանգ երթեւեկության իրականացնել, իսկ նման չափանիշները գործում են ԱՊՀ եւ ԵՄ տարածքներում։

Տեղեկացնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2010 թվականի մարտի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը 10 տարի ժամկետով ռադիոհաճախականության արտոնագրեր է տրամադրել՝ Երեւանում, Արարատում, Լոռիում եւ Շիրակում՝ կայարաններում եւ գնացքներում, ռադիոռելեային կապի գծեր ստեղծելու համար։