Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Ապրիլի 23-ին կայացած ճեպազրույցին հայտնել է պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Մենք ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից 1915թ. հայերի կրած տառապանքների պատմական հրապարակային ճանաչումը: Գտնում ենք, որ դա դրական նախանշանն է այն բանի, որ, փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչման հնարավորություն կա, ինչը, հուսով ենք, թուրքերի ու հայերի հաշտեցման առաջընթացին կծառայի»,- հայտարարել է Փսակին:

Հարցին ի պատասխան, թե արդյոք չի ցանկանում մեկնաբանել հայտարարության բովանդակությունը, որ անցյալի իրադարձությունների քննարկման համար տարբեր հարթություններ է առաջարկում, Փսակին կրկին նշել է, թե Վաշինգտոնը ողջունում է այդ քայլը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»: