Հայաստանի պետական բարձր պարգեւի ցուցադրական հանձնումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին «անտակտ եւ ոչ բարեկամական» քայլ էր Ռուսաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի սահմանադրական օրենսդրության եւ պետշինարարության կոմիտեի նախագահ, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ Վիկտոր Իլյուխինը, հաղորդում է «Новости Федерации» լրատվական ծառայությունը։
Պատգամավորը չի կարծում, որ վերոհիշյալ իրադարձությունը վատ կանդրադարնա հայ-ռուսական գործնական հարաբերությունների վրա, քանի որ այսօր Հայաստանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր գործընկերը։ Հայաստանի տարածքում գտնվում են ռուսական զինուժն ու ռազմական հենակայանը։ Երկու երկրները փոխադարձ շահեր ունեն, իսկ հարաբերությունների վատացումը, կարող է ռազմական հենակայանը դուրս բերելու կամ ռազմակայանի հողատարածքի վարձի բարձրացման հարց առաջացնել, նշել է նա՝ հավելելով, թե, այնուամենայնիվ, երկկողմ հարաբերությունների վրա տհաճ նստվածք է թողնվել։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնվում է Հայաստանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակներում, նա մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Նաեւ այցելել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Սահակաշվիլին պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով ու Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումով ու ոսկե մեդալով։



























