Շատ շուտ է ուրախանալ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ «պարտադիր» բաղադրիչը կասեցնելու վերաբերյալ արված հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

«Հաղթանակ անվանել դեռ շատ շուտ է, սակայն դրական տեղաշարժ կարելի է համարել: Ինչպես տեսնում եք, խմբակցությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպում է եղել Հովիկ Աբրահամյանի հետ: Ամեն ինչ կերեւա այն ժամանակ, երբ մարդկանց վճարելու ժամանակը գա: Եթե նորից գանձեն, պարտադրեն մինչեւ սեպտեմբերի 30-ը, ուրեմն չենք հաղթել: Այսօր համագործակցության դաշտն ավելի մեծ հնարավորություններ է տալիս, եւ նոր կառավարությունը պետք է փորձեր այդ հարցերը լուծել: Շատ դժվար է մեկ օրում ամեն ինչ փոխել, պետք է քառյակի եւ այլ քաղաքական ուժերի, «Դեմ եմ» շարժման հետ համագործակցել: Ամեն դեպքում պարտադիր բաղադրիչը ոչ մի ձեւով չպետք է լինի: Դա անհնար է»,- ասաց նա:

Հարցին՝ ինչ փոխվեց ապրիլի 3-23-ն ընկած ժամանակահատվածում եւ ինչու Հովիկ Աբրահամյանը որոշեց կասեցնել պարտադիր պահումները՝ պատգամավորը պատասխանեց. «Ժողովրդի ութսուն տոկոսի ցանկությունն է, եւ ով էլ նստեր վարչապետ, պետք է հաշվի նստեր նրանց հետ: Իսկ Տիգրան Սարգսյանը մնաց պատմության մեջ»:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի՝ կուտակայինի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ օրենքն անփոփոխ է մնում եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը գանձվելու է 5% պարտադիր վճարները: Վարչապետ նշանակվելուց ընդամենը օրեր անց, սակայն, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Ապրիլի 28-ին կառավարության նախագիծը ներկայացվելու է խորհրդարանին: