Մայիսի 3-ին ժամը 10-ին Ալավերդու քաղաքապետից ստացված տեղեկության համաձայն` անդադար անձրևների հետևանքով «Սանահին» եւ «Ակներ» թաղամասեր տանող ճանապարհին հարակից հեղեղատարի ջրահեռացման առուն լցվել է ջրաբերուկներով, ինչի հետևանքով ճանապարհը ջրածածկվել է եւ դարձել անանցանելի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի պետը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հեղեղատարի մաքրման ուղղությամբ:

Նույն օրը, ժամը 11.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևների հետևանքով Վարդաձոր գյուղում մասնակիորեն փլուզվել են երկուական անասնագոմ և հացատուն: Զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի պետը: Անձրեւների շարունակվելու դեպքում առկա է հացատների եւ անասնագոմերի ամբողջությամբ փլուզվելու վտանգ: