Ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվելուց հետո մահացու վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Վահան Խալաֆյանի հետ բերման ենթարկված և ազատ արձակված 2 երիտասարդները լքել են Հայաստանը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա դեպքի հաջորդ օրը զրուցել էր ազատ արձակված երիտասարդների՝ Նորայրի և Արայիկի հետ։ Նրանցից առաջինին իրավապաշտպանը հայտնաբերել էր ծեծված, անկողնային վիճակում։ Իսկ մի քանի օր առաջ երիտասարդներին կանչել են ոստիկանություն, վերադարձրել են անձնագրերը և «առաջարկել» հեռանալ ՀՀ-ից։

Նախօրեին Սաքունցը կալանավայրում հանդիպել է Վահան Խալաֆյանի հետ բերման ենթարկված, այնուհետև կալանավորված Արթուր Իսպիրյանի, Շիրազ Մարկոսյանի և Դավիթ Գյուլումյանի հետ։ Վերջինս նույնպես հաստատել է, որ ոստիկանության բաժնում իրենից բռնությամբ խոստովանական ցուցմունք են կորզել, և եթե չգրեր այն, ինչ պահանջել են, ապա ինքը ևս ոստիկանության բաժնից կարող էր ողջ դուրս չգալ։