Ռուսական Russia Today հեռուստաալիքը մտադիր է ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջել ներողություն խնդրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքերի համար, որը RT-ին մեղադրել էր քարոզչության մեջ: Այս մասին հաղորդում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:

«Մենք մտադիր ենք պաշտոնական հարցադրում ուղղել ԱՄՆ պետքարտուղարություն՝ խնդրելով կոնկրետ օրինակներ նշել, որտեղ RT-ն խեղաթյուրել է փաստերը եւ պահանջելու ենք ներողություն խնդրել: Մեզ համար ցավալի է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը այդքան քիչ գիտի իրավիճակի մասին, որն իսկապես տեղի է ունենում Ուկրաինայում»,-նշել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նախօրեին Ջոն Քերրին RT հեռուստաալիքն անվանել էր «քարոզչության խոսափող»:

«Իրենց ողջ ժամանակը նրանք զբաղվում են քարոզչությամբ եւ փաստերի խեղաթյուրմամբ, թե ինչ է տեղի ունենում կամ չի ունենում Ուկրաինայում»,-հայտարարել է Քերրին Պետքարտուղարությունում կայացած մամուլի ասուլիսում:

«Շատ ենք ցավում, որ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը հրաժարվում է ընդունել փաստերը, որոնք նրան դուր չեն գալիս եւ իրեն թույլ է տալիս նման անհիմն մեղադրանքներ հնչեցնել»,-ասել է Սիմոնյանը՝ հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: