Թուրքական իշխանամետ պարբերականներից SABAH-ի սյունակագիր, նախկին պատգամավոր Հասան Ջելալ Գյուզելն իր «Հայոց ցեղասպանություն չկա, թուրք ազգի դեմ իրականացված կոտորած կա» վերնագրով հրապարակման մեջ անցել է ժխտողականության եւ կեղծիքի ցանկացած սահման։
Իր հրապարակման սկզբնամասում Հասան Ջելալ Գյուզելը գրում է, թե ռուսական զորքերի հովանավորությամբ հայերը թիկունքից հարվածել են թուրք ազգին եւ թուրքերին ու քրդերին կոտորածի ենթարկել։
«Հայերը 1915-ից 1920 թվականներին շարունակեցին կոտորել թուրքերին ու քրդերին։ Հայերը անասելի գազանությամբ սպանել են 1,5 մլն թուրքերի։ Այդ մասին հաստատում են հայկական եւ ռուսական արխիվները»,-պնդել է SABAH-ի սյունակագիրը՝ հավելելով, թե երիտթուրքերի իրականացրած տեղահանությունը որեւէ կերպ չի կարող կոտորած կամ ցեղասպանություն համարվել։
«Թուրք ազգը երբեք չի կարող ընդունել Սփյուռքի եւ Հայաստանի իրական փաստերին հակառակ արվող պնդումները։ Ընդգծենք, որ Հայոց ցեղասպանություն չկա, թուրք ազգի դեմ իրականացրած կոտորած կա»,-ամփոփել է Հասան Ջելալ Գյուզելը։




























