Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի կամքով չի լինի: Այս մասին ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրության կենտրոն» գիտա-հետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը ճանաչված է, բոլորը գիտեն դրա մասին, նույնիսկ մեզնից լավ գիտեն նրանք, ովքեր պաշտոնապես չեն ճանաչում այն, քանի որ այստեղ խնդիրը քաղաքական նպատակահարմարության մեջ է: «Բոլոր լավատեսները, որոնք ասում են, թե վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը, իմ կարծիքով` սխալվում են: Ճանաչումը եւ փոխհատուցումը բացառվում է, քանի դեռ Թուրքիան ունակ է, իր ներքին ու արտաքին հնարավորությունների կիրառմամբ, պետության ամբողջականությունը պահպանել»,- նշել է Ալվրցյանը:
Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը բազմաթիվ դարերի պատմություն ունի, որի հիմքում ժողովրդի եւ պետականության ոչնչացնումն է ընկած, այդ քաղաքականությունը դեռեւս չի հանվել նրանց օրակարգից եւ իր շարունակությունն է գտել Հայաստանի շրջափակմամբ, ԼՂ հարցում դիրքորոշմամբ եւ Անկարայի` Երեւանի դեմ գործարկվող միջազգային կեղծարարումներով:
«Թուրքիայի հանրապետությունը Օսմանյան կայսրության ավերակների վրա է ստեղծվել, իսկ վերջինիս տարածքի նշանակալի մասը Հայաստանին է պատկանում: Բնականաբար, մյուս հատվածներն էլ իրենցը չեն: Թուրքական պետության ստեղծման հիմքում մեծագույն սուտ է ընկած: Երբ այն բացվի, Թուրքիայի քայքայման հիմքը կդառնա»,-նշել է Հայկազուն Ալվրցյանը:
Փորձագետը մի քանի նախադրյալներ է առանձնացրել, որոնք կարող են Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման բերել` պետականության քայքայման սպառնալիք, համաշխարհային ասպարեզում Հայաստանի բարձր կշիռ եւ վարկանիշ, եւ թուրքական հասարակություն, որ ընդունում եւ փորձում է հայ ժողովրդի բոլոր կորուստները փոխհատուցել: «Սակայն դժվար է դա պատկերացնել, քանի որ թուրք հասարակությունը եւ պետությունը ցեղասպան են»,-ամփոփել է Ալվրցյանը:




























