Հայտնի ռուս իրավապաշտպան Գալինա Ստարավոյտովայի սպանության գործով մեդարյալ, ՌԴ Պետական դումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն խոստովանական ցուցմունք է տվել: Բացի այդ, նա բացահայտել է հանցագործության մեջ իր մեղսակցին, որի անունը, հետաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Ակնկալվում է, որ Գլուշչենկոյի նոր ցուցմունքների շնորհիվ վերջապես պարզ կդառնա Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտովայի սպանության մոտիվը:
Հիշեցնենք, որ ռուս քաղաքական եւ պետական գործիչ, միջժողովրդական հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու Ստարավոյտովան սպանվել է 1998թ. նոյեմբերի 20-ի երեկոյան, պետերբուրգյան շենքերից մեկի շքամուտքում, որտեղ նրա բնակարանն էր գտնվում: Մինչ այդ բավական վաղուց նա անանուն զանգեր էր ստանում` իրեն եւ որդուն ուղղված սպառնալիքներով:
Համաձայն պաշտոնական վարկածի, սպանության պատճառ է հանդիսացել Ստարավոյտովայի քաղաքական գործունեությունը, սակայն թե ինչու է նոր Ռուսաստանի ամենապայծառ ժողովրդավար քաղաքական գործիչներից մեկը «պատվիրվել», դեռեւս հասկանալի չէ:
2006թ. Պետերբուրգի քաղաքային դատարններից մեկը մեդադրական դատավճիռ էր հրապարակել գործով 8 ամբաստանյալի նկատմամբ: Նրանցից երեքը իրական ազատազրկման էին ենթարկվել: Սպանության կազմակերպիչ էր ճանաչվել Յուրի Կոլչինը, որին 20 տարվա ազատազրկում էր սպասվում: Իսկ հանցագործության իրականացնող ճանաչված Վիտալի Ակիշինի համար խստացված ռեժիմով գաղութում 23,5 տարվա ազատազրկում էր սահմանվել:
Սակայն 2004թ. գործով վկաներից մեկը հանցագործության պատվիրատու էր անվանել Գլուշչենկոյին, բայց գործը դատարանին չէր հասել. 2008թ. հետաքննությունը դադարեցվել էր` ժամկետների վաղեմության պատճառով:
Գործով հետաքննությունը վերականգնվել է 2011թ. հոկտեմբեր ամսին: Մինչ այդ Գլուշչենկոն արդեն կալանքի տակ էր. նրան ձեբակալել էին մեկ այլ գործի` 2004թ. մարտ ամսին Կիպրոսում Ռուսաստանի երեք քաղաքացիների սպանության կազմակերպման առնչությամբ:




























