Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24-ին ներկա կլինի Երեւանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ անցկացվող միջոցառումներին: Այս մասին նա հայտարարել է 2014թ. ապրիլի 24-ին՝ Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպած միջոցառմանը:

Ֆրանսիական «Le Nouvel Observateur» ամսագիրը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը, ով այս տարվա մայիսի 12-ին պետական այցով գալու է Հայաստան,  պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ուղղությամբ.   «Այդ ողբերգությունն ունի անվանում, միակ անվանումը ցեղասպանությունն է: Այլ անվանում չկա», – Փարիզի Երեւանի այգում հավաքված հազարավոր մարդկանց ծափողջյունների ներքո հայտարարել է նախագահը: 

Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24-ին իր ներկա գտնվելու ցանկությունը բացատրել է «հիշատակի պարտքը կատարելով եւ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու նպատակով»:

Հայտարարելով, թե ցանկանում է, որ բոլոր «ուղեղները փոխվեն»,  ֆրանսիական պետության ղեկավարը ուղղակիորեն չի մատնանշել թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ի պատասխան Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին՝ Ֆրանսուա Օլանդը նշել է թուրքական դիրքորոշման առաջընթացը, սակայն այն անբավարար է համարել. «Դա այն էր, ինչ պետք ր լսել, բայց դեռ բավարար չէ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»: