Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հսկայական նշանակություն ունի ոչ միայն միջազգային-իրավական տեսանկյունից, այլ նախ եւ առաջ երկու երկրների միջեւ հետագա հարաբերությունների համար: Ցեղասպանության փաստի ընդունումը ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի շահերից է բխում, այն նաեւ` ողջ տարածաշրջանի ու աշխարհի: Ապրիլի 24-ին Մոսկվայում կայացած հանրահավաքին նման հայտարարութուններով է հանդես եկել «Ռուս-հայկական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքը «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում է կազմակերպվել: Միջոցառման ընթացքում հրապարակը ծածկված է եղել Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ, եւ Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրների ու ռուսական քաղաքական կուսակցությունների դրոշներով: Ռուսաստանի հայերի ներկայացրած պահանջներին իրենց աջակցությունը ցուցաբերելու են եկել հունական, լեզգիական, քրդական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Պետդումայի պատգամավորներ, ռուսական խոշոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ:
«Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունը տարածքային ընդլայնման պանթյուրքական ծարգրի իրականացման նպատակով է նախաձեռնվել, կարելի ենթադրել, որ այդ հանցագործության հերքումը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այն պետությունների համար, որոնք եղել եւ մնում են հիշյալ տարածքային ընդլայնման ծրագրի օբյեկտներ»,- ասել է «Ռուս-հայկական համագործակցության» ղեկավարը:
Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ներկաներին հիշեցրել է, որ միայն շնորհիվ Ռուսաստանի են Հարավային Կովկասի քրիստոնեկան ժողովուրդները հնարավորություն ստացել փրկվելու ֆիզիկական ոչնչացումից:
Հանրահավաքին զուգահեռներ են տարվել նաեւ 20-րդ դարի մեկնարկին եւ վերջերս Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում Թուրքիայի կողմից իրականացված գործողությունների միջեւ:




























