Միջազգային ասպարեզում Ռուսաստանի հետ համագործակցությունը սահմանափակելու մասին հայտարարող արեւմտյան երկրներն «իրենց իսկ խաղի գերին» են դարձել: Այս մասին ԱՊՀ երկրների երիտասարդ դիվանագետների համաժողովին ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

«Այդ արձագանքն այն մասին է վկայում, որ մեր արեւմտյան գործընկերները, մեծ հաշվով. «իրենց իսկ խաղի գերին» են դարձել: Չէ՞ որ մենք չենք հորինել Ուկրաինայի շուրջ այդ ճգնաժամը: Ինչպե՞ս այն սկսվեց: Սկսվեց նրանից, որ օրինական ընտրված նախագահը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը հետաձգելու, եւ ոչ չեղյալ հայտարարելու, որոշում կայացրեց` այդ քայլի տնտեսական հետեւանքները հասկանալու համար»,-ասել է Լավրովը:

Նախագահի այդ որոշմանն ի պատասխան Եվրամայդանի բողոքները սկսվեցին, ընդգծել է նախարարը:

Լավրովի խոսքով, արեւմտյան գործընկերները Ուկրաինայում ստեղծված իրադրությունը քննարկելիս, նույնիսկ ոչ հրապարակային շփումներում, լոզունգներով են խոսում Ռուսաստանի հետ:

«Եթե կարծում եք, որ Ջոն Քերրին, Վիլյամ Հեյգը կամ Լորան Ֆաբիուսը հեռախոսազրույցներում կամ անձնական շփումների ժամանակ այլ կերպ են բացատրվում ինձ հետ, եւ հրապարակային հայտարարություններից տարբերվող բաներ ասում, ապա խորապես սխալվում եք»,-ասել է Լավրովը: