Հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ թաղամասում երթ են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, գրում է «ABC» հեռուստաալիքի կայքը:
«Միավորված երիտասարդ հայերի» կազմակերպած երթը տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 24-ին՝ 1915թ. կոտորված 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Մասնակիցները Քալիֆորնիայից, Արիզոնայից եւ Նեւադայից էին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա սպանությունն անվանել էր «ամենասարսափելի գազանություններից» մեկը, սակայն զերծ էր մնացել «ցեղասպանություն» եզրից, բողոքողներից Հարություն Հարությունյանն իր հիասթափությունն է հայտնել: «Նա խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չի կատարել այդ խոստումը»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը ցավակցություն էր հայտնել զոհերի սերունդներին, ապա Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը այն անուղղակի եւ թույլ է անվանել: «Կարծում եմ, որ նրա հյատարարությունը խուսափողական էր եւ կեղծ: Հայերը Թուրքիայի Հանրապետության առաջնորդից ցավակցություն չեն սպասում »,– ասել է Սինանյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել եւ մահպատժի էր ենթարկվել հայ ողջ մտավորականությունը։ Այդ օրը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Լիբանանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ պետություններ: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է նաեւ ԱՄՆ-ի նահանգների մասը:






























