Սահմանադրական իրավունքի փորձագետ Արմեն Մազմանյանը հոռետեսորեն է տրամադրված Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը: Իր կարծիքը նա հայտնել է ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսին:

«Եթե կարծում ենք, որ սահմանադրական բարեփոխումների օգնությամբ հնարավոր է լուրջ խնդիրներ լուծել, ապա այդ հարցում ես լավատես չեմ: Չեմ կարծում, որ դրա ժամանակը եկել է»,- նշել է փորձագետը, հավելելով, որ տվյալ պահին սահմանադրական փոփոխությունները կարող են որոշ ինստիտուտների աշխատանքը բարելավել, սակայն հեղափոխական առաջընթաց ակնկալել հնարավոր չէ: Դրա պատճառը փորձագետը հանրության` իշխանությունների հանդեպ վստահության բացակայության մեջ է տեսնում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, պետք է ամեն ինչի համեմատության մեջ նայել: Համեմատելով Սահմանադրության նախնական տարբերակները եւ իրականացված բարեփոխումների փուլերը` մինչեւ 1995թ., 1995թ. մինչ 2005թ., եւ 2005թ. մինչ այժմ, կարելի է ասել, որ առաջին երկու էտապներում ավելի հստակ էր դրանց անհրաժեշտությունը զգացվում, քան հիմա: Եվ դա բնական է: Առաջին փուլում Սահմանադրություն ընդհանրապես չկար: Երկրորդում հարկավոր էր հիմնական փաստաթուղթը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնել եւ բարելավել: Իսկ հիմա բարեփոխման անհրաժեշտությունն այնքան էլ ակնհայտ չէ:

Իր հերթին, մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը նշել է, որ «15-րդ դարում բժշկությունը զարգացած չի եղել, բայց բժիշկներ եղել են: Եվ հիմնականում արյուն թողելով էին բուժում»: Փորձագետի կարծիքով, Հայաստանում ներկայումս նման իրավիճակ է տիրում` գոյություն ունի խնդիր, բայց սահմանադրական բարեփոխումներով այն լուծել չի հաջողվի: «Թերապիա է հարկավոր, եւ ոչ` արյունաթողություն»,- համոզմունք է հայտնել փորձագետը: