Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագծի հիմնաքարը կառավարման համակարգն է եւ նախագահականից խորհրդարանական համակարգի հնարավոր անցումը: Ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք է հայտնել սահմանադրական իրավունքի փորձագետ Արմեն Մազմանյանը:

Նրա խոսքով, եթե նախագծի այլ բաժիններում առաջարկությունները բավականաչափ կոնկրետ չեն, ապա երկրի կառավարման համակարգի փոփոխությանը վերաբերող մասում ամեն ինչ շատ ավելի հստակ է: Փորձագետը նշել է, որ նման անցումն իր մեջ սպառնալիք է պարունակում: «Կարծում եմ` այստեղ «ամեն ինչ` հաղթողին» տրամաբանությունն է իշխում: Բայց կառավարման այդպիսի մոդելը երկարաժամկետ հատվածում չի կարող կայուն լինել»,-կարծիք է հայտնել փորձագետը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ, կառավարման մոդելն այնքան էական չէ, որքան ցանկացած մոդելի շրջանակում պրակտիկ կառավարման ձեւը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն առավել քննադատաբար է անդրադարձել սահմանադրական բարեփոխումների նախագծի բովանդակությունը: Նրա խոսքով, փաստաթուղթը մի շարք հարցեր առաջացնող ձեւակերպումներ ունի եւ հեղինակների մասնագիտական իրավասության շուրջ մտքեր է հարուցում: