Կորած Boeing 777-ի ուղեւորների 100-ից ավելի հարազատներ հավաքվել են Պեկինում Մալայզիայի դեսպանատան դիմաց՝ նստացույց անցկացնելու:

Նրանց նման գործողությունների է դրդել օդանավի ուղեւորների ընտանիքների անդամների հետ հանդիպելու պաշտոնյաների մերժումը՝ չնայած նախկին խոստումներին: Դեսպանատան շենքը շրջապատել են ոստիկանները:

«Դեսպանատան եւ Malaysia Airlines ընկերության ներկայացուցիչները խոստացել էին պարբերական հանդիպումներ եւ ճեպազրույցներ կազմակերպել ուղեւորների հարազատների համար, սակայն ոչ ոք ոչինչ չի անում: Մենք հարցեր ենք տալիս ավիաընկերությանը, այնտեղ մեզ պատասխանում են, որ  որոնումներով զբաղվում է կառավարությունը, այդ պատճառով էլ հարցերը պետք է նրան ուղղել:  Իսկ պաշտոնյաները ոչինչ չեն ասում», - ասել է բողոքողներից մեկը:

Ըստ նրա՝ դեսպանատան մոտ հավաքված մարդիկ չեն հեռանա, մինչեւ մալայզիացիները չպատասխանեն իրենց հարցերին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ MH370 չվերթի օդանավն անհետ կորել էր մեկ ամիս առաջ՝ Կուալա Լումպուրից Պեկին թռիչքի ժամանակ: Դրա բեկորների որոնումները շարունակվում են Հնդկական օվկիանոսում, որտեղ, ենթադրվում է, վթարի է ենթարկվել օդանավը: