«Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ժամանակին ընդգրկվեց իշխող կոալիցիայում, դա արել է հանուն հայ ժողովրդի, եւ հիմա կոալիցիայից դուրս է գալիս կրկին հանուն ժողովրդի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ՕԵԿ-ը մտադիր չէ որեւէ մեկի տեղը զբաղեցնել քաղաքական դաշտում, սակայն իր բոլոր ջանքերը կներդնի ժողովրդի իրավունքների ու շահերի համար պայքարում: «Իշխող կոալիցիայի կազմում ՕԵԿ-ին չի հաջողվել կյանքի կոչել իր բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են երկրում կյանքի բարելավմանը»,-ասել է Բաղդասարյանը:

Նա նշել է, որ ՕԵԿ-ի ազդեցությունը կոալիցիայում որոշումների կայացման հարցում շատ սահմանափակ է եղել, իսկ հիմա կուսակցությունը քաղաքականություն է մտնում նոր օրակարգով:

Հարցին, թե ինչու ՕԵԿ-ը նոր միայն գիտակցեց, որ պետք է դուրս գալ կոալիցիայից, Բաղդասարյանը պատասխանեց. «Լրագրողը կարող է շատ գաղափարներ ունենալ եւ հանգիստ դրանք իրականացնել, քանի դեռ իր խմբագիրը չի սկսել տորպեդահարել այդ գաղափարները»:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել 2008 թվականի մարտի 1-ի նախօրեին: Հենց այդ քայլից անմիջապես հետո իշխանությունները հրազեն կիրառեցին 10 օր շարունակ բողոքի ելած քաղաքացիների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ: Արթուր Բաղդասարյանի այդ քայլը ցուցարարները դավաճանություն էին որակել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am