Թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանության հետ կապված գիտական աշխատանքներով հայտնի Թաներ Աքչամը Թուրքիայի վարչապետի հայտնի ուղերձի հետ կապված մեկնաբանություն է հրապարակել թուրքական Taraf պարբերականում։
Թաներ Աքչամն իր հրապարակման սկզբում գրել է, թե Էրդողանի հայտարարությունը մեկնաբանելը շատ տխուր է, սակայն ինքը կփորձի մեկնաբանել, թե ինչու դա տեղի ունեցավ։
Թաներ Աքչամը ուշադրության է հրավիրել Էրդողանի ուղերձի մի կետին, որում ասվում է, թե 20-րդ դարի սկզբի պայմանների հետեւանքով մահացած հայերի հոգիներին հանգստություն է մաղթում, իսկ նրանց թոռներին ցավակցություն հայտնում։ «Սա գուցե ուղերձի ամենակարեւոր կետն էր, սակայն բացակայում էր կոտորած բառը»,-գրել է Աքչամը՝ հիշեցնելով, որ բացարձակ սուտ է նաեւ Էրդողանի այն թեզը, թե Թուրքիայի արխիվները բաց են պատմաբանների առջեւ՝ շեշտելով, որ 1915-ի հետ կապված փաստաթղթերը ոչ թե արխիվում են այլ ԶՈՒ գլխավոր շտաբում։
«Եթե վարչապետն այս խոսքերն ասեր 10 տարի առաջ, ապա դա կարելի էր «հեղափոխություն անվանել, սակայն հիմա իրավիճակն այլ է։ Ըստ ինձ, 1915-ի թեմայի հետ կապված փոփոխությունների դինամիկան այլեւս թուրքական իշխանությունների ձեռքերում չէ։ Նրանք, հասկանալով, որ բաց են թողել գնացքը, փորձում են հասնել գնացքի վերջին վագոնին։
Նրանք 2015-ից առաջ պատմական ոճրագործությունն ընդունելուց եւ դրա համար Հայաստանից ու Սփյուռքից ներողություն խնդրելուց եւ բանակցելուց բացի այլ ընտրություն չունեն։»,-գրել է Թաներ Աքչամը։
Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։



























