Ռուսաստանը փորձում է խախտել անվտանգության համաշխարհային համակարգը, սակայն Ուկրաինան համաշխարհային հանրության հետ կարող է  պատժել նրան դրա համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Նա հիշեցրել է, որ արդեն մեկ շաբաթ է անցել Ժնեւի հանդիպումից, վարչապետի խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»:

Ըստ նրա՝ Ռուսաստանի նպատակն է. «առաջին՝ խափանել ընտրությունները, երկրորդ՝ լուծարել եվրոպամետ եւ ուկրաինամետ կառավարությունը, երրորդ՝ զավթել Ուկրաինան»:

«Աշխարհը դեռ չի մոռացել Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ Ռուսաստանը ցանկանում է երրորդն սկսել», - կարծում է վարչապետը:

«Ագրեսիայի, միջազգային անվտանգության խափանման ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի ղեկավարության վրա է», - հավելել է նա:

Յացենյուկը վստահեցրել է, որ Ուկրաինան կկատարի Ժնեւի պայմանավորվածությունները եւ կպաշտպանի «Ուկրաինան՝ իր ունեցած բոլոր միջոցներով»: