Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ուղերձն աշխարհում մեծ արձագանք է գտել եւ կարծրատիպեր կոտրել։

Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Սուդանի իր գործընկեր Ալի Քարթի հետ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ ապրիլի 24-ի հետ կապված վարչապետ Էրդողանի ուղերձին։

Դավութօղլուի խոսքով՝ Էրդողանի ուղերձն աշխարհում մեծ արձագանքն է գտել եւ կոտրել կարծրատիպեր։ «Բոլորն ընդունեցին, որ Թուրքիան այս պատմական քայլով բացել է երկխոսության եւ բարեկամության դուռը։ Այս ուղերձի հասցեատերերը հիմնականում ոչ թե պետություններն են, այլ աշխարհի ամեն կողմում ապրող հայերն են։ Սա նրանց ուղղված մարդկային հաղորդագրություն էր։

Հայկական սփյուռքից մեզ եկած արձագանքներն արտակարգ դրական են։ Շատ գեղեցիկ ուղերձներ ստացանք։ Այսինքն, մեր ուղերձը պատասխան գտավ», ասել է Դավութօղլուն՝ շեշտելով, որ թե ԱՄՆ-ից, թե Եվրոպային եւ այլ երկրներից շատ դրական արձագանքներ են ստացել։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։