ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել կատարել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Ժնեւի պայմանավորվածությունները:
Ապրիլի 25-ի առավոտյան Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը խոր անհանգստություն է հայտնել Ուկրաինայում իրավիճակի լարվածության կապակցությամբ եւ Ռուսաստանին կոչ արել հաստատել Ժնեւի պայմանավորվածություններին իր հավատարիմ մնալը ու աջակցել դրանց իրականացմանը, հայտարարել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Ըստ Զայբերտի՝ Ռուսաստանը Ուկրաինայի արեւելքի զինված ակտիվիստներից պետք է հրապարակայնորեն պահանջի հրաժարվել բռնությունից եւ վայր դնել զենքերը: Սակայն Ռուսաստանը մինչ այժմ «ոչ մի նման բան չի արել, այդ մասին ոչ մի բառ չի հնչել», նշել է Զայբերտը:
Շտեֆեն Զայբերտը ընդունել է, որ Ուկրաինայի կառավարությունը նույնպես պետք է կատարի պայմանավորվածությունների իր մասը եւ հոգ տանի մայդանն ու վարչական շենքերն ազատելու վերաբերյալ, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Reuters-ը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ կտրուկ քննադատել է զինված ուժերը խաղաղ բնակչության դեմ օգտագործելու Ուկրաինայի իշխանությունների փորձերը:
Քննարկվել են նաեւ Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր:




























