Ադրբեջանի վերաքննիչ դատարանը հրաժարվել է փոխել «Զերկալո» թերթի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ խափանման միջոցը:

Ինչպես ԱՊԱ-ին մեղադրյալի փաստաբան Ֆուադ Աղաեւն է տեղեկացրել, Ռ. Միրկադիրովի հանդեպ ընտրված` ձերբակալության տեսքով խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքը չի բավարարվել:

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական տեղեկատվություն էր տարածել Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում էր, որ հիմնավորված կասկածներ կան, թե Ադրբեջանի քաղաքացի Միրկադիրով Ռաուֆ Հաբիբուլլա օղլին ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, պետական անվտանգության, տարածքային ամբողջականության եւ պաշտպանունակության, 2008թ. ապրիլ ամսից Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից գաղտնի համագործակցության է հավաքագրվել: Միրկադիրովը բազմակի անգամ հանդիպումներ է ունեցել նրանց հետ Հայաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում եւ երկրում առկա հասարակա-քաղաքական կյանքին ու ռազմական իրադրությանը վերաբերող, ինչպես նաեւ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցել` լուսանկարներով եւ սխեմաներով, որոնք Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու նպատակով կարող են օգտագործվել: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 274 հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Ապրիլի 19-ին Միրկադիրովը կալանքի տակ էր վերցվել վերը հիշատակված հանցագործությունն իրականացնելու կասկածանքով: Նասիմինյան շրջանային դատարանի կողմից նրա հանդեպ խափանման միջոց էր ընտրվել մեղադրանքի ներկայացմամբ երեք ամսով ձերբակալությունը:

Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել առ այն, որ մեղադրանքը կեղծված է: Փաստի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաեւ ԱՄՆ Պետքարտուղարությունը: