Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը արաբական  «Ալ Ջազիրա»-ի թուրքական ծառայության հետ հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը երբեք չի ընդունի Թուրքիայի նախապայմանը եւ Ղարաբաղի հարցում հետքայլ չի անի։

Թուրքիայում «Ալ Ջազիրա»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմել է, որ 1991-ին նոր պաշտոնն (Հայաստանի ԱԳ նախարար-խմբ) ստանձնելուց հետո սկսել է այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինի հետ բանակցությունները:

«Նախ, Թուրքիան հարեւան երկիր էր եւ պաշտպանական ռազմավարության իմաստով էլ Թուրքիայի հետ հարաբերությունները կարեւոր էին։ Մյուս կողմից Արեւմտյան Հայաստանը Թուրքիայի հողերում էր, այսինքն, մեր մշակույթային ժառանգությունն էլ այնտեղ էր»,-նշել է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ Թուրքիան որպես նախապայման ցանկանում էր, որ Հայաստանը ցեղասպանության հարցը օրակարգում չպահի՝ հավելելով, որ այդ նախապայմանն անընդունելի էր Հայաստանի համար։

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մեծ ջանքեր գործադրվեցին, ցավոք, դրանք կորած շանսեր էին։ Թուրքիան միշտ նախապայմաններ է ունեցել եւ միշտ էլ ունի։ Այն ժամանակ ցեղասպանության հարցն էր, հիմա՝ Ղարաբաղը։ Սակայն երկու հարցում էլ երբեք հնարավոր չէ զիջման գնալ»,-ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։

Երբ խոսքը գնում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման եւ դեպի հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի մասին, պարոն Հովհաննիսյանը շեշտել է, որ դա պետք է տեղի ունենա հատուկ կարգավիճակով եւ ոչ երբեք քաղաքացիություն շնորհելու կամ փոխելու պայմանով:

Ինչ վերաբերվում է Էրդողանի հայտնի ուղերձին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե կտրականապես չի ընդունում այդ հայտարարությունը, քանի որ, եթե Թուրքիան իրապես վճռական քայլ է ուզում անել, պետք է ընդունի ցեղասպանությունը։

Ղարաբաղի հարցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի դիրքորոշումը եւս հստակ է՝ Հայաստանը երբեք հետքայլ չի անելու։ «Թուրքիան ամեն առիթի դեպքում հարաբերությունների կարգավորմանը Ղարաբաղը նախապայման է բերում։ Ամենասկզբից ասել ենք, որ այդ նախապայմանը երբեք չենք կարող ընդունել»,-նշել է Հովհաննիսյանը։

Խոսելով արմատների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատմել է, որ իր արմատները Խարբեդից են։ «Իմ նախնիներին 1915-ին փրկել է մի քուրդ ընտանիք։ Իմ տատի եւ պապի անունից հայերին փրկած թուրքերին եւ քրդերի շնորհակալություն եմ հայտնում։ Նրանք հայերին փրկելու համար իրենց կյանքն են վտանգի ենթարկել»-հավելել է Հովհաննիսյանը։

Հովհաննսիյանը շեշտել է, որ կարեւոր են ապրիլի 24-ին Ստամբուլում հասարակական նախաձեռնությունների կողմից  անցկացվող հիշատակի միջոցառումները, որին մասնակցում են հիմնականում թուրքեր եւ քրդեր, քանի որ հայերը վախի պատճառով դեռեւս խուսափում են  մասնակցել, իսկ նրանց մասնակցությունը Թուրքիայի ժողովրդավարացման չափանիշը կլինի։