Արցախի Հանրապետությունում 2013 թվականին տնտեսական աճը կազմել է 9.3%. Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 44.3 մլրդ դրամ` 2012 թվականի համեմատ աճելով 10 %-ով: Այս մասին նշվել է ԼՂՀ կառավարության այսօր՝ ապրիլի 25-ին կայացած նիստում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը նշել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը, 2012 թվականի համեմատ ապահովելով 9.2%-ի աճ, հասել է է 55.2 մլրդ դրամի: Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացվել են 45.2 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 18.1 %-ով: Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2013 թվականին կազմել է 328.5 մլն ԱՄՆ դոլար. 2012 թվականի համեմատ ներմուծման ծավալները նվազել են 7.7 , իսկ արտահանման ծավալները աճել են 3.2 %-ով:

Ըստ Ս. Թեւոսյանի տեղեկատվության` ամբողջովին տրամադրվել է միջպետական վարկը` մոտ 39 մլրդ դրամ: Սեփական եկամուտները կազմել են մոտ 27մլրդ 919 մլն դրամ`  նախատեսվածի 88,6 տոկոսը,  իսկ ծախսերը` 69 մլրդ 600մլն դրամ, դեֆիցիտը կազմել է մոտ 2մլրդ 500մլն դրամ:

2013 թվականի պետական բյուջեի  հարկային եկամուտները 10.5 %-ով պակաս են ծրագրային մուտքերից: Վարչապետի պարզաբանմամբ` պլանային առաջադրանքի թերակատարումը պայմանավորված է հանքարդյունաբերության, ինչպես նաեւ քարածխի արդյունահանման ոլորտի հարկ վճարողների մասով պլանավորված գումարների չվճարմամբ, քանի որ Մաղավուզի քարածխի, Կաշենի եւ Կովսականի հանքերը չեն աշխատել նախատեսված հզորությամբ:

Նշվեց, որ  կառավարության 2013 թվականի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված էր մակրոտնտեսական կայունության ապահովմանը, տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված բարեփոխումներ: Կառավարության հավանությանն արժանացած 2013թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի ԱԺ: