Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանագոտում խոտաբույս հավաքելիս ականի վրա պայթելու հետեւանքով ապրիլի 15-ին, վիրավորված Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Բաբիկյանը դեռ մեկ ամիս կպառկի հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շառոյանը:

«Ոտնաթաթն են կտրել, սակայն ցանկանում էին նաեւ կրունկը հեռացնել, քանի որ արյան սնուցումը վատ էր կատարվում: Սակայն հիմա վտանգն անցել է, վիճակը բավարար է, սակայն երկրորդ վիրահատությունը հնարավոր է անեն, ուղղակի մաշկը վերականգնելու համար: Մի ամիս հաստատ կմնա այնտեղ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը մեկ շաբաթ առաջ այցելել է Գաբրիել Բաբիկյանին: Դեռ հայտնի չէ, թե ով է հոգալու հիվանդանոցի ծախսերը:

«Ահավոր վատ վիճակում են ապրում, սոցիալապես անապահով են, դժվար կարողանան իրենք հոգալ բուժման ծախսերը: Հույս ունեմ, որ կառավարությունը կօգնի»,- ավելացրեց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ապրիլի 15-ին Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել էին սահմանամերձ ականապատ տարածքում եւ պայթել ականի վրա, որի հետեւանքով Ռաֆիկ Մուղդուսյանը մահացել էր, իսկ Գաբրիել Բաբիկյանն էլ՝ տեղափոխվել հիվանդանոց: Գաբրիել Բաբիկյանին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: