ՀՕՊ զորքերն այսօր զինված ուժերի ամենամարտունակ ու կայացած զորատեսակներից են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Հայաստանի ՊՆ-ում կայացած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի ժամանակ նշել է պաշտպանության նախարար Սերյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը նվիրված է եղել հակաօդային պաշտպանության կատարելագործման ուղիներին:
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ եւ այլք:
Ներկայացնելով նիստի օրակարգում տեղ գտած հարցերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է ՀՕՊ զորքերի դերը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ ՀՕՊ զորքերն այսօր զինված ուժերի ամենամարտունակ ու կայացած զորատեսակներից են, իսկ նորագույն սպառազինության համալրվածությամբ հակաօդային պաշտպանության կարողությունները բացառիկ մակարդակի վրա են:
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը, ով կոլեգիայի անդամներին հանգամանալից ներկայացրել է ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակը եւ ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Գնդապետ Արմեն Վարդանյանի խոսքերով` վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվել սպառազինության ու ռազմական տեխնիկայի հուսալի եւ անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ, համալրվել են ռազմատեխնիկական միջոցները, կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական կարողությունները:
ՀՕՊ զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումների եւ առաջիկա անելիքների, ոլորտում առկա խնդիրների եւ այլ հարցերի վերաբերյալ զեկույցներով ու առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան սպաներ:
Կոլեգիայի նիստից հետո տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի եւ ԶՈւ ավիացիայի վարչության սպաների զեկույց-հաշվետվությունների ներկայացումը` զորատեսակի անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, արձանագրված ձեռքբերումների եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:
Ի մի բերելով արծարծված հարցերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:




























